Գովազդ

Վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին. «Ժառանգություն»

unnamed

ՀՀ վարկատու կազմակերպությունների եւ վարկառուների միջեւ կուտակված եւ համավարակի ընթացքում ահագնացող խնդիրների մասին արդեն տեւական ժամանակ քննարկումներ եւ բողոքի հանրային գործողություններ են ընթանում, որոնց վերաբերյալ «Ժառանգությունն» իր արձագանքը հնչեցրել է տարբեր հարթակներում:

«Ժառանգության» հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Սեպտեմբերի 24-ի վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների կիրառման, դրանց համաներման խնդիրներին վերաբերող ԱԺ լսումներում ՀՀ ԿԲ փոխնախագահ Ն.Երիցյանի ելույթը, մեր համոզմամբ, նոր հարցականներ առաջացրեց՝  հեռացնելով խնդրի հաղթահարման ուղուց:

«Ժառանգություն» կուսակցությունն այդ ելույթում հնչած որոշ պնդումներ համարում է խիստ մտահոգիչ, քանզի դրանք չեն արտացոլում ՀՀ վարկային դաշտի իրական պատկերը: Համոզված ենք, որ իրականությանը պետք է նայել բաց աչքերով. հարցերի քողարկումը բնավ խնդրի արդյունավետ լուծում չէ: Եթե իրոք վարկառուների 93%-ը վճարունակ է, ապա վարկատու կազմակերպությունները մտահոգվելու առիթ չունեն եւ սեփական միջոցների հաշվին կարող են զիջել խնդրահարույց վարկերի տույժ-տուգանքները, որոնք, ըստ ԿԲ փոխնախագահի, վերաբերում են ՀՀ վարկառուների ընդամենը 7%-ին:

Արտահայտելով իր մտահոգությունը  տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «Ժառանգությունը» ՀՀ ԿԲ-ին եւ կառավարությանն առաջարկում է հետեւյալ քայլերը.

Վարկատու կազմակերպություններից պահանջել հաշվետվություն այն հաճախորդների մասին, ովքեր մինչ համավարակը եղել են պարտաճանաչ վարկառուներ, սակայն եռամսյա վարկային արձակուրդից հետո ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ:

Կառավարության հետ համատեղ քննարկել իրական վիճակագրական պատկերը եւ մշակել լուծումներ, որոնք չեն վնասի ոչ վարկառուների, ոչ էլ վարկատուների շահերը: Պետության խնդիրը ոչ թե քաղաքացու ունեզրկմանը լռելյայն աջակցելն է, այլ համավարակով պայմանավորված արտակարգ դրության մեջ սատար կանգնելը: Մարել մինչեւ 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ սպառողական վարկերը:

Պարտադիր դարձնել սպառողական վարկերի ապահովագրությունը:

Լիցենզիայից զրկել Մոգո, Գուդ Կրեդիտ, Հիմա Կրեդիտ վարկային կազմակերպություններին, որոնք ստեղծվել են փողերի լվացման կասկած հարուցող ճանապարհով, դրանց սեփականատերերը, տարբեր աղբյուրների պնդմամբ, Varks.am լիցենզիայից զրկված կազմակերպության հետ են կապված: Varks.am-ի տխրահռչակ գործն այսօր շարունակում են հիշյալ ընկերությունները՝ տրամադրելով 10,000 (տասը հազար) ՀՀ դրամից սկսած վարկեր (Vivus.am):

Տպավորություն է ստեղծվում, թե անհատ վաշխառուների ունեզրկող դերն այսօր ստանձնել են վարկային որոշ կազմակերպություններ, ինչից ակնհայտ է, որ վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին, որի ստույգ թիվը, հուսանք, ԿԲ-ն կճշտի:

49

Նմանատիպ նորություններ