Գովազդ

Արցախի 7 շրջանները

unnamed

Արցախի տարածքը կազմում է  11.4 հազ. կմ2,  մայրաքաղաքն է  Ստեփանակերտը։

Արցախի Հանրապետությունը որպես հայկական երկրորդ անկախ պետություն հռչակվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և նրա հարևան հայաբնակ Շահումյանի վարչական շրջանի բնակչության միահամուռ կամքով: ԼՂՀ հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքին և ԽՍՀՄ օրենքներին: Չնայած դրան` Ադրբեջանը փորձեց ռազմական ուժով ճնշել հայ բնակչության ազգային-ազատագրական պայքարը: Հայ բնակչությունը ռազմական գործողությունների արդյունքում պաշտպանեց ոչ միայն ինքնորոշման իր իրավունքը, այլև իրեն միացրեց ԼՂՀ-ի սահմաններից դուրս գտնվող` պատմականորեն հայկական համարվող շրջաններ, և ստեղծեց անվտանգության գոտի:

Այժմ ԼՂՀ-ն վարչականորեն բաժանված է 7 շրջանների` Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Հադրութի, Քաշաթաղի և 244 համայնքների:

ԼՂՀ  ներկա տարածքը հիմնականում ընդգրկում է Մեծ Հայքի պատմականԱրցախ նահանգը:

 

Շահումյանի շրջան

 

Զբաղեցնում է ԼՂՀ հյուսիսային և հյուսիսարևելյան մասը: Այն հիմնականում համապատասխանում է պատմական Արցախի Գյուլիստանի և Քարվաճառի տարածքին:

Պատմական Գյուլիստանի մասում շրջանի հարավային սահմանագծի երկարությամբ ձգվում է Մռավի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը նաև Արցախի ամենաբարձր կետն է` Գոմշասար լեռը, որի բարձրությունը ծովի մակերևույթից 3724 մ է:

Տարածքը

Շահումյանի շրջանի տարածքը կազմում է 1837,5 կմ²։ Շրջանի տարածքը կազմում է ԼՂՀ տարածքի 16,1%-ը։

Շրջանի հյուսիսային բարձրադիր մասերում ընդարձակ տարածություններ են զբաղեցնում խոտառատ ալպյան մարգագետինները, արոտավայրերը, իսկ հարավային մասում` անտառային տարածքները:

Շրջանի ազատագրված տարածքում (Քարվաճառի, որը ազերիները Քելբաջար էին կոչել)  կա 15 գյուղական բնակավայր, որոնց մեծ մասի բնակիչները տեղափոխվել էին դեռևս Ադրբեջանի կողմից բռնազավթված պատմական Գյուլիստանի տարածաշրջանից, որը խորհրդային տարիներին կոչվում էր Շահումյանի շրջան: Ահա թե ինչու ազատագրված այս տարածքն էլ անվանվեց Շահումյանի շրջան:

Ըստ որում, այս շրջանի բնակավայրերն էլ հիմնականում անվանել են Գյուլիստանի գավառի տարածքում եղած այն գյուղերի նորացված անվանումներով, որտեղից եկել են այժմյան Շահումյանի շրջանում բնակեցված մեր հայրենակիցները:

Հանրապետության հռչակում

1988 թ. սկզբներից Շահումյանի շրջանի հայությունը հերոսաբար պայքարեց Ադրբեջանի 70-ամյա գաղութային լծի դեմ, ինքնորոշվեց և վերամիավորվեց ԼՂԻՄ-ին, որի հետ միասին հռչակեց Հանրապետություն: Այդ հերոսական պայքարը շարունակվեց մինչև 1992 թ. հունիսի 13-ը, մինչև այն պահը, երբ ադրբեջանական կանոնավոր զորքը ռուս և այլազգի վարձկան զինվորների ու սպաների օգնությամբ, մեծաթիվ տանկերով, զրահամեքենաներով ներխուժեցին Շահումյանի շրջան: Անհավասար ուժերի առկայության պայմաններում և սպասվող անհրաժեշտ օգնության ուշացման պատճառով, ինչպես նաև համատարած ցեղասպանությունից խուսափելու նպատակով, այս հերոսական շրջանի բնակչությունը ստիպված, մեծագույն ցավով և անպատմելի դժվարություններով հեռացավ հայրենի սահմաններից: Շահումյանի շրջանի ավելի քան 17 հազար հայերը ժամանակավորապես բնակություն հաստատեցին Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում, իսկ փոքր մասը բնակվեց այժմյան Շահումյանի շրջանում:

 

Մարտակերտի շրջան

 

Մարտակերտի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ-ի հյուսիսային մասը, Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը: Ընդգրկում է պատմական Արցախի Ջրաբերդ գավառը և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը:

Մարտակերտի շրջանի տարածքով են հոսում Արցախի երկու համեմատաբար խոշոր` Թարթառ (նախկինում` Տրտու) և Խաչեն գետերը` իրենց բազմաթիվ վտակներով: Այդ լեռնային գետերի անդնախոր կիրճերը, ջրվեժները, զուլալ ջրերը աշխարհի բնական ամենահետաքրքիր հրաշալիքների թվին կարելի է դասել:

Այս խոշոր շրջանում արդյունաբերության ճյուղերից այժմ վճռական դերը պատկանում է լեռնահանքային արդյունաբերությանը, ի դեմս Դրմբոնի պղնձի արդյունահանման հարստացման կոմբինատի: Արդյունաբերական օբյեկտներից համեմատաբար նշանավոր է նաև Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրաէլեկտրակայանը:

Գյուղերը

Շրջանի գյուղերի բացարձակ մեծ մասը պատմական հարուստ անցյալ ունեցող հայկական հին բնակավայրեր են:

Արցախի պատմության մեջ փառավոր էջեր են թողել Խաչենի իշխանական տոհմի բոլոր մեծերը` Հասան-Ջալալյանները: Նրանցից հանրահայտը, Գանձասարի հիմնադիր, Խաչենի մեծ իշխան Ջալալ-Դոլան է: Նա ոչ միայն կրոնական բարձրաստիճան գործիչ էր, այլև հմուտ շինարար, տաղանդավոր ու քաջ զորավար, խելացի քաղաքագետ: Խաչենը տվել է նաև Ռուզանի նման բազմաթիվ քաջարի դուստրեր, որոնք մեծ դեր են խաղացել վայրագ ցեղերից Արցախի ազատագրության գործում:

Պետք է նշել, որ երբեմնի հանրահայտ բնակավայրերի զգալի մասը ադրբեջանական գաղութատիրության պայմաններում ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացում չի ապրել, այլև քայքայվել է, դատարկվել:

1992 թ. ամռանը ադրբեջանական զավթիչներին հաջողվում է դեռևս չպարզված պատճառներով, Շահումյանի շրջանի հետ միասին զավթել նաև Մարտակերտի շրջանի հյուսիսային մասը, այդ թվում` Մարտակերտ քաղաքը: Մինչև 1994 թ. մայիսը հայ ազատամարտիկները արդեն ազատագրել էին շրջանի զավթված տարածքը:

 

Ասկերանի շրջան

 

Մինչև 1978 թ. կոչվում էր Ստեփանակերտի շրջան: Զբաղեցնում է ԼՂՀ տարածքի կենտրոնական հատվածը, ընդգրկում է հիմնականում Կարկառ գետի ու նրա վտակների ավազանը: Տարածքը 1196,3 քկմ,  Ասկերանի շրջանին բաժին է ընկնում ԼՂՀ տարածքի 10.5 %-ը,  Ասկերանի շրջանի այժմյան տարածքի մի մասը (Կարկառի աջափնյա հատվածը) մտնում էր Արցախի Վարանդա գավառի, իսկ մյուս մասը (Կարկառի ձախափնյա հատվածը)` Խաչենի գավառի մեջ: Այս առումով այն Արցախ աշխարհի պատմության, մշակույթի ու տնտեսական կյանքի զարգացման մեջ առանձնահատուկ տեղ ունի:

Մակերևույթ

Շրջանի մակերևույթը լեռնային է, խիստ կտրտված գետահովիտներով ու անդնդախոր ձորերով: Համարյա ամբողջապես անտառապատ է, ցածրադիր մասերում` թփուտածածկ: Համեմատաբար բարձրադիր է շրջանի արևմտյան հատվածը, որտեղով անցնում է Արցախի լեռնաշղթան, որի առանձին գագաթներ ունեն ավելի քան 2750 մ բարձրություն: Այստեղից էլ սկիզբ են առնում շրջանի տարածքով հոսող Կարկառ, Մեղրագետ (Բալուջա), Բադարա, իսկ ավելի հյուսիսում` Քոլատակ գետերը:

Հուշարձաններ

Ասկերանի շրջանում պահպանվել է հայ պատմաճարտարապետական 674 հուշարձան: Դրանցից առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Ավետարանոց գյուղի` Վարանդայի մելիքության` Բերդավանի հուշարձանները, Ասկերանի Մայրաբերդը և շատ ուրիշ բնական ու ճարտարապետական հուշարձաններ:

Շրջանի առավել կարևոր հուշարձաններից են Շոշկա վանքը (Խաչմաչ գյուղում), Սարուշեն գյուղի մոտ գտնվող Փիրումաշենի եկեղեցին, Շիկաքար բերդը, Րաֆֆու աղբյուր-հուշարձանը (Դահրավ գյուղի մոտ), Կարկառ գետի վրա 18-րդ դարի սկզբներին կառուցված Մազի կամուրջը, ինչպես նաև Ստեփանակերտի մուտքի մոտ կանգնեցված «Մենք ենք մեր լեռները» տուֆակերտ, ինքնատիպ, հրաշալի հուշարձանը:

 

Շուշիի շրջան

 

Զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևմտյան փոքր հատվածը` Արցախի լեռնաշղթայի կենտրոնական մասը: ԼՂՀ-ի ամենափոքր շրջանն է, տարածքը կազմում է 381,3 քկմ:

Մակերևույթ

Շրջանի մակերևույթն ամբողջովին լեռնային է, որը գերազանցապես ծածկված է անտառներով ու թփուտներով: Նրա հարավային` Հադրութի շրջանին սահմանակից հատվածում է գտնվում Մեծ Քիրս լեռը (2724 մ): Շրջանի տարածքով է անցնում Կարկառ գետն իր վերին հոսանքով, որն այստեղ ունի բազմաթիվ արագահոս վտակներ:

Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի քաղաքում:

Բնակչություն

Սա ԼՂՀ-ի միակ շրջանն է, որտեղ բնակչության ընդհանուր թվակազմում հայերը 1920-1988 թթ. Ադրբեջանի կողմից ծրագրված հայաթափման քաղաքականության հետևանքով, համեմատաբար փոքր տեսակարար կշիռ ունեին: Այդ քաղաքականությունը սկսվել էր դեռևս 1918-20 թթ. թուրք-բարբարոսների ու մուսավաթականների կողմից Շուշիում և շրջակա հայկական գյուղերում կազմակերպված հայկական ջարդերով: Այդ տարիներին թուրք ավազակախմբերը միայն Շուշի քաղաքում և նրա շրջանում սպանել են ավելի քան 30 հազ. հայ: Հայաթափման ծրագիրը շարունակվել է նաև հետագա տարիներին, այս անգամ լենինյան եղբայրական դրոշի ներքո:

1989 թ տվյալներով Շուշիի շրջանում կար շուրջ 20,4 հազ. մարդ, որից 13,5 հազարը` Շուշի քաղաքում:

2009 թ. տվյալներով Շուշիի շրջանում կա 4806 մարդ, որից 3600-ը քաղաքային, 1207-ը գյուղական:

 

Մարտունու շրջան

 

Մարտունու շրջանը զբաղեցնում է պատմական Հայաստանի Արցախ նահանգի Վարանդա գավառի մի մասը, գավառ, որը ոչ միայն Արցախի, այլև առհասարակ հայ ժողովրդի պատմության, մշակույթի, տնտեսական կյանքի զարգացման, արտաքին թշնամիների դեմ պայքարի ասպարեզներում յուրահատուկ, կարևոր դեր է խաղում:

Հուշարձաններ

Շրջանի տարածքում պահպանվել են հայկական պատմաճարտարապետական 353 հուշարձան, որոնցից կանգունը, առավել հնագույնը` Ամարասի վանքն է:

Շրջանի պատմաճարտարապետական մյուս հուշարձաններից նշանավոր են` Ճարտար գյուղի Եղիշեի, Հերհեր գյուղի Ս. Գրիգորիս, Մավաս գյուղի վանքերը, Բերդաշենի ամրոցները, Մեծ Նահատակ, Ս. Աստվածածին եկեղեցիները, Հացի գյուղի Բռի Եկեղեցին ու դպրոցի հին շենքը, Թաղավարդ գյուղի անտառածածկ սարի վրա գտնվող Ղևոնդանց անապատի հուշարձանները, Կաղարծի գյուղի Թարգմանչաց եկեղեցին և այլ հնություններ:

 

Հադրութի շրջան

 

Զբաղեցնում է ԼՂՀ հարավային մասը: Տարածքը 1869,06 քկմ է (որը կազմում է ԼՂՀ տարածքի 16,4 %), մակերևույթը` լեռնային է, ունի անտառածածկ, գեղատեսիլ բնություն:

Այս շրջանի տարածքը հիմնականում համապատասխանում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով: Տարածքի գերակշռող մասը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ):

Հուշարձաններ

Հադրութի շրջանի տարածքում կա 486 հայկական պատմաճարտարապետական հուշարձան, դրանց մեծ մասը գիտաճանաչողական նշանակություն ունի: Առավել հայտնի են Տողասարի լանջին գտնվող Գտիչ կամ Քթեշ վանքը (13-րդ դար), Գտիչ բերդը, Օխտը Դռնի վանքը, Մեծ Թաղերի մոտ գտնվող Ճոխտ Պռվածառի վանքը: Դրախտիկ գյուղի Ծաղկավանքը, Հակակու գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին, Խանձաձորի` Ս. Հովհաննես եկեղեցին, Թաղոտ գյուղի մոտ գտնվող Յոթ խաչ վանքը, Դիզափայտի հուշարձանները և այլն: Եզակի հետաքրքրություն է ներկայացնում Ազոխ գյուղի մոտ գտնվող Վորվան քարանձավը, Իշխանագետի վրա կառուցված կամուրջները, Մեծ Թաղերի Ծծախաչ քարանձավը, Մայրամաձորի մոտի Վնեսաբերդը և այլն:

 

Քաշաթաղի շրջան

 

Արցախի ազատագրումից հետո 1994 թ. հուլիսին նախկին Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների տարածքներում ստեղծվեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանը: Ամբողջապես  հայերով բնակեցված Արցախի անբաժանելի մասը հանդիսացող այդ տարածքը 1920-ական թվականների սկզբներին, երբ Արցախը բռնակցվել էր նորաթուխ Ադրբեջանին, հայաթափվում էր, բնակեցվում քրդերով, իսկ հետո թուրք-ազերիներով և որպես առանձին վարչական շրջաններ մտցվում ոչ թե ԼՂԻՄ-ի, այլ անմիջապես Ադրբեջանի կազմի մեջ: Այդպիսով`  այդ նեղ շերտով ամբողջապես հայաբնակ ԼՂԻՄ-ը անջատվեց մայր Հայաստանից: Ահա այդ տոհմիկ հայկական տարածքում էլ ձևավորվեց այժմյան Քաշաթաղի շրջանը: Շրջանի տարածքը կազմում է 3376,6 քկմ (որը ամբողջ ԼՂՀ տարածքի 29,5 % է): Այն ընդգրկում է Հագարու և նրա վտակներ Աղավնո, Որոտան գետերի ավազանները:

Հարավային մասում Քաշաթաղի շրջանի սահմանագիծը կազմում է Արաքս գետը, որը ԼՂՀ պետական սահմանն է Իրանի հետ:

Քաշաթաղի շրջանը սկսվում է Արցախի բարձրավանդակից, ընդգրկում է Հագարի գետի ամբողջ գեղատեսիլ ավազանը և ձգվում մինչև Արաքսի հովիտը:

72

Նմանատիպ նորություններ